Վայոց ձորում սկսվել են «AREG ENERGIA» արեւային կայանի շինարարական աշխատանքները. 9 մլն դոլարի ներդրում սփյուռքից

Վայոց ձորում սկսվել են «AREG ENERGIA» արեւային կայանի շինարարական աշխատանքները. 9 մլն դոլարի ներդրում սփյուռքից

Մայիսի 6-ին Վայոց ձորի Սարավան համայնքում սկսվեցին «AREG ENERGIA» արևային կայանի շինարարական աշխատանքները: Հիմնարկեքի արարողությանը ներկա էին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Հայաստանում Կիպրոսի պատվավոր հյուպատոս Արմեն Խաչատրյանը, սփյուռքահայ գործարար, համաներդրող Աշոտ Մկրտչյանը և այլք:

Ներդրման գաղափարը ծագել է տասն ամիս առաջ, երբ Կիպրոսում տեղի հայ հայտնի գործարարներ Դավիթ և Ալեքսանդր Պետրոսյաններն ու Աշոտ Մկրտչյանը հանդիպել են Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ և ոգեշնչվել հայաստանյան փոփոխություններով, այնուհետ եկել են հայրենիք, ուսումնասիրել օրենսդրական ու ներդրումային դաշտը, սկսել ներդրման գաղափարը կյանքի կոչել:

Այս մասին հայտնում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:

Սարավան համայնքում՝ ծովի մակարդակից 1720 մետր բարձրության վրա, 36 հետկար ընդգրկող հողակտորում 9 մլն դոլարի չափով ներդրման արդյունքն ավարտուն տեսքի կգա ամենուշը մեկ տարի անց: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կարևորել է Հայաստանի որդեգրած ներդրումային քաղաքականությունն ու այն հանգամանքը, որ ներդրողները կարող են այստեղ շահույթ ստանալ: Սփյուռքահայ գործարարների ու նրանց խնդիրների կողքին յուրաքանչյուր պահի կանգնած է նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:

Համաներդրող, գործարար Աշոտ Մկրտչյանը նշել է, որ իրենց հայացքներն ուղղել են դեպի հայրենիք, և բարեհաջող ընթացքի դեպքում ներդրումներ կկատարվեն նաև այլ ոլորտներում: Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայ համայնքի ներկայացուցիչ, պատգամավոր Վարդգես Մահդեսյանը տեսակապի միջոցով իր վստահությունը հայտնեց, որ արևային էներգետիկայի ոլորտում Կիպրոսի Հանրապետության փորձը մեծապես կնպաստի ներդրման հաջողությանը:

Ըստ կիպրահայ պատգամավորի՝ այս նախաձեռնությունը խթանելու է ինչպես Հայաստան-Կիպրոս հարաբերությունների զարգացումը, այնպես էլ հայրենիք-սփյուռք կապի ամրապնդմանն ու Հայաստանի տնտեսական առաջընթացին:

Կիպրահայ գործարար, համաներդրող Դավիթ Պետրոսյանը կարևորել է Գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեությունն ու ներդրման որոշման կայացման գործում Զարեհ Սինանյանի դերակատարությունը: Ըստ գործարարի՝ այս նախաձեռնությունը հատկապես արժեքավոր է Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից:

Leave a Reply